Պատանի քիմիկոսների մրցաշար
2010 թվականից «Այբ» հիմնադրամը Հայաստանում անցկացնում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ), այժմ՝ Պատանի քիմիկոսների մրցաշար (ՊՔՄ)՝ նախատեսված քիմիայի սիրահար աշակերտների համար: Այն փոխներգործուն խաղի սկզբունքով իրականացվող մրցույթ է, որում 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները: Մրցույթը հնարավորություն է տալիս բարձր դասարանի աշակերտներին ամբողջ թիմով փնտրելու և գտնելու լուծումներ այնպիսի հարցադրումների, որոնք այս պահին գուցե դեռ լուծում չունեն:
Պատանի քիմիկոսների մրցաշարի ազգային փուլը տեղի կունենա 2023թ․ մարտի 25-26-ին:
Մրցույթի վերաբերյալ նյութերը կարող եք ներբեռնել այստեղից՝ 2023թ. առաջադրանքներ, կարգ, սահիկաշար կազմելու չափանիշներ և օրինակելի սահիկաշարի նմուշ:
Մրցաշարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ մինչև 2023 թ․փետրվարի 20-ը։
Յուրաքանչյուր թիմի համար վճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը կատարելու վերջնաժամկետը 2023 թ. փետրվարի 25-ն է: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին:
Պատանի քիմիկոսների մրցաշարն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Նախաձեռնության գաղափարը և մրցույթի անցկացման տեխնոլոգիան փոխառված են նմանատիպ համաուկրաինական մրցաշարից:
Մրցույթն անցկացվում է երեք փուլով.
• Քառորդ եզրափակիչ. Թիմերը մասնակցում են քիմիական հարցախաղին, որի ընթացքում՝ սահմանված ժամանակահատվածում, առկա կամ առցանց հարթակում պատասխանում են հարցաշարի հարցերին: Այս փուլի նպատակն է թիմերի վարկանշավորումը։
• Կիսաեզրափակիչ. Ըստ քառորդ եզրափակիչ փուլում վարկանիշավորման թիմերը մասնակցում են կիսաեզրափակիչ մարտերին համապատասխան խմբերով:
• Եզրափակիչ. մարտին մասնակցում են կիսաեզրափակիչ փուլերում հաղթած թիմերը:
Եզրափակչի արդյունքում որոշվում է մրցաշարի հաղթողը:
Բոլոր երեք փուլերի բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ: Եզրափակիչ փուլի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու նրանց մարզիչներն արժանանում են նաև դիպլոմների և մրցանակների: Մասնակիցներին խրախուսելու համար, կիսաեզրափակիչ փուլի արդյունքների հիման վրա, ժյուրին պատվոգրեր է շնորհում նաև «լավագույն զեկուցող», «լավագույն ընդդիմախոս», «լավագույն գրախոս», յուրաքանչյուր թիմում «լավագույն մասնակից» և անհատական արդյունքներով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիր անվանակարգերում։
Մրցույթի շնորհիվ աշակերտները սովորում են հետաքրքիր ձևով ներկայացնել լուծման իրենց տարբերակները և ոչ միայն գրավել ժյուրիի և հանդիսատեսի սրտերը վարժ զեկույցով կամ հմուտ ընդդիմախոսությամբ, այլև այդ ամենը հիմնավորել գիտելիքով: ՊՔՄ-ն իր շուրջ հավաքում է տարբեր մարզերից քիմիայի նվիրյալ ուսուցիչների ու աշակերտների: Մրցաշարի շնորհիվ ստեղծվում են դպրոց-համալսարան, ուսուցիչ-աշակերտ-դասախոս-գիտնական կապեր:
Ահա մի քանի առաջադրանք, որ մեր դպրոցականները փորձում են գիտական մակարդակով լուծել մրցաշարի շրջանակներում:
1. Մատենադարան։ Բնութագրեք ֆիզիկաքիմիական այն հիմնական գործընթացները, որոնք ընկած են կտավների, գրքերի և ձեռագիր մատյանների «ծերացման» հիմքում: Ինչպե՞ս կարելի է դանդաղեցնել այդ գործընթացը: Նկարագրեք կտավների վերականգնման հիմնական եղանակները և նշեք դրանց թերությունները:
2. Օրգանիզմը որպես փորձանոթ։ Օրգանիզմը կարելի է դիտարկել որպես կատարյալ փորձանոթ, որտեղ կարգավորված մեխանիզմներով ընթանում են բազմաթիվ և բազմատեսակ ռեակցիաներ: Նկարագրեք որոշ փոխակերպումներ և դրանց խանգարման արդյունքները:
3. «Անտեսանելի թանաք»։ Առաջարկեք «անտեսանելի թանաքի» և որոշ գործոնների ազդեցությամբ «տեսանելիության» դարձելի փոփոխությամբ օժտված որևէ նյութ կամ նյութերի խառնուրդ: Գնահատեք այդպիսի թանաքի կիրառման հնարավորությունը:
Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
Մրցույթի հովանավոր` «ProfHolod» ՍՊԸ